Զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից 2018 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում է ստացվել, որ 4 ժամկետային զինծառայողներ տևական ժամանակ բուժում ստանալուց հետո դուրս են գրվել զինվորական հոսպիտալից, սակայն հրաժարվում են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ չեն ապաքինվել և վերջնական բուժում չեն ստացել:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նշված խնդիրը պարզաբանելու նպատակով զինվորական հոսպիտալ են այցելել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և այլ պաշտոնյաներ:
Այցելության ժամանակ պարզվել է, որ տարբեր զորամասերի 4 ժամկետային զինծառայողներ, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի, զինվորական ծառայության սահմանափակումով դուրս են գրվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ից, սակայն հրաժարվել են մեկնել իրենց ծառայության վայր` պատճառաբանելով, որ լիովին չեն ապաքինվել և ունեն բուժման կարիք:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից բացատրական աշխատանքների արդյունքում զինծառայողներ Հ. Հովհաննիսյանը և Ա. Ավոյանը պատրաստակամություն են հայտնել վերադառնալ զորամաս և շարունակել ծառայությունը, իսկ Ա. Կիրակոսյանը և Յու.Ղուկասյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել են համապատասխանաբար ՌՈ ընդունիչ-բաշխիչ և ՀՀ ՊՆ N զորամաս:
Նշված զինծառայողների կողմից զորամասեր չվերադառնալու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում.ենթադրյալ հանցանիքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ