Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ. Արա Բաբլոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկասս Գասսերին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով դեսպանի առաքելությունը Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական, մշակութային, կրթական և առողջապահական ոլորտներում:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Շվեյցարիան չեն բավարարվի ձեռք բերված տպավորիչ արդյունքներով և կշարունակեն էլ ավելի խորացնել ու զարգացնել հարաբերությունները: Այս առումով Արա Բաբլոյանը հատկապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:
Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանը երկրի հետագա զարգացման գործում ընդգծել է օրենսդիր գործադիր իշխանությունների կողմից բարեփոխումների իրականացման կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ այդ ճանապարհին էական է մի շարք բացասական երևույթների, այդ թվում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, ինչպես նաև երկրում ժողովրդավարության հետագա խորացումն ու ամրապնդումը:
Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկասս Գասսերը գոհունակությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիները Հայաստանում եղել են հագեցած օրակարգով ու հետաքրքիր: Դեսպանը բարձր է գնահատել տարվա սկզբին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:
Լուկասս Գասսերը վերահաստատել է շվեյցարական կողմի պատրաստակամությունն ու գործուն աջակցությունն ուղղված հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին