Օգոստոսի 23-ին Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի մարտական դիրքեր
Օգոստոսի 23-ին Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի մարտական դիրքեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ցանկացած հայ, որը կարող է թե իր ներկայությամբ, թե ֆինանսապես աջակցել Զինված ուժերին, նա իրականացնում է առաքելություն: Համարում եմ, որ ՀՀ Զինված ուժերը տարածաշրջանում լավագույններից մեկն է, լիարժեք վստահում եմ հայ զինվորին, որը պաշտպանում է մեր հայրենիքը։ Ուղղակի վարչապետից ստացանք հանձնարարական՝ ուսումնասիրել, քանի որ ներկայիս իրավիճակներում Ոստիկանության զորքերի գործառույթների կարիք չկա Երևանում, և ուսումնասիրելուց հետո ես առաջարկությունը ներկայացրի ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին։ Վստահեցնում եմ՝ ընդունվեց միաձայն։ Անգամ կանայք, աղջիկներ, որոնք ծառայում են ոստիկանության զորքերում, ինձ մեղադրեցին, որ կողմնապահություն եմ անում՝ իրենց չեմ ներգրավում այդ գործընթացին»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Նրա խոսքով՝ մարտական հերթափոխն իրականացվելու է 14 օր։
Ինչ վերաբերում է հավելավճարին, ոստիկանապետն ասաց, որ ոստիկանները հավելավճար ստանալու են այնքան, ինչքան ներկայիս դիրքապահը ստանում է խրամատում։ «Ոստիկանները լինելու են Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, ունենք սահմանի այնպիսի հատված, որը կարճ տարածություն ունի հակառակորդի հետ»,- հավելեց նա: