Չե՞ք կարծում, որ շատ եք գնում հանրահավաքների. Մարգարիտ Եսայանը՝ ՀՀ վարչապետին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետից հետաքրրքվեց՝ արդյոք չի՞ կարծում, որ շատ է գնում հանրահավաքների և որ պետք է ավելի շատ պետականաշինությամբ զբաղվի, աշխատեցնի կառավարությունը։
Պատգամավորը հարց ուղղեց՝ Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետ, չի՞ ցանկանում լինել Բաղանիսում և Վազաշենում, որոնք հանրահավաքում նրա «բոցաշունչ» ելույթի ժամանակ գնդակոծվում էին։
«ՀՀ զինված ուժերն օպերատիվ արձագանքել են Բաղանիս և Վազաշեն գյուղերի վրա կրակոցներին և լռեցրել են կրակակետերը։ Ես արդեն եղել եմ Բաղանիսում, այնտեղ հանդիպել եմ մարդկանց հետ։ Շատ կարևորում եմ սահմանապահ գյուղերի իրավիճակը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց պատգամավորի այն տեսակետին, որ երկրում անկայուն իրավիճակ է։
«Հավաստիացնում եմ, որ Հայաստանում լիովին կայուն իրավիճակ է, իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ կառավարության և իրավապահ մարմինների կողմից։ Իրավիճակը շարունակելու է լինել կայուն։ Կառավարությունը որ պահին չունենա ժողովրդի վստահությունը, չի լինի այլևս կառավարություն։ Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրույթուններին, ՀՀ օրենսդրությունը վարչապետին չի արգելում մասնակցել քարոզարշավին։ ՀՀ վարչապետը կարող է մասնակցել քարոզարշավին՝ օրենքով սահմանված կարգով»,- ասաց նա։