Ես իմ ունեցած խոսակցությունները կարող եմ հրապարակել ցանկացած պահի. Փաշինյան
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումից: Պատգամավորը մեջբերեց խոսակցությունից մի հատված։
Վարչապետը պատասխանեց. «Երբ ես Հատուկ քննչական ծառայության պետի թեկնածու եմ առաջադրել, նրա հետ ունեցել եմ հետևյալ պայմանավորվածությունը՝ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, չկան Հայաստանում անձեռնմխելի մարդիկ, և եթե քննության ընթացքը հանգեցնում է, որ պետք է ձերբակալվեն, ապա պետք է ձերբակալեն:
Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում իմ հետ ճշտել, թե ինքը լո՞ւրջ էր ասում, և ինքը վերահաստատել է: Տվյալ դեպքում ես իմացել եմ դրա մասին ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն նման որոշում է կայացնում, տեղեկացել եմ այդ իրավիճակի մասին, այդ ժամանակ Սանկտ-Պետերբուրգում եմ եղել, և քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես պայմանավորվել ենք՝ որևէ քաղաքական խոչընդոտ քննության համար չկա, և եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է կալանավորել, ձերբակալել, իհարկե, պետք է տեղի ունենա, և հիմա նույն դիրքորոշումը վերահաստատում եմ ԱԺ ամբիոնից և վերահաստել եմ նախկինում և կվերահաստատեմ ապագայում»։
Սարդարյանը արձագանքեց, թե կարելի է չբացառել, որ նաև իր հետ ունեցած խոսակցություններն են գաղտնալսվել, և հետաքրքրվեց, տեսականորեն, եթե այդ խոսակցությունները համացանցում հայտնվեն, որոնք են լինելու նրա գործողությունները:
«Ես իմ ունեցած խոսակցությունները կարող եմ հրապարակել ինքս, ցանկացած պահի, ես որևէ խնդիր չունեմ, եթե ձայնագրված է, թող հրապարակվի, ես որևէ խնդիր չունեմ: Չի կարող լինել այլ ձայնագրություն, որը դուրս է իմ այս որդեգրած տրամաբանությունից»,- պատասխանեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել. Վ. Բաղդասարյան
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը