Անսալով բողոքներին՝ մենք այս տարի ամբողջությամբ չենք անցնի ավարտական միասնական քննություններին. ԿԳ նախարար
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրրքվեց 9-րդ դասարանի ավարտական քննությունները միասնական դարձնելու հնարավորության վերաբերյալ։
«Կարծում եմ՝ նմանատիպ անհանգստություններ Դուք էլ եք ստացել նամակների տեսքով, ինձ էլ են շատ ծնողներ դիմել։ Հիմնականում անհանգստությունը կայանում է նրանում, որ այդ որոշման մասին նրանք տեղյակ են եղել ավելի ուշ, քան նմանատիպ որոշումների համար պետք է։ Ցանկացած պահի կրթության որակը ստուգելու ձևը պետք է արդարացնի նպատակը։ Վերջին շրջանում մենք փորձում ենք հասկանալ, թե որ ուղղությամբ է զարգանում մեր կրթությունը, ուր է տանում պետական զարգացման ծրագիրը։
Ուզում ենք տեսնել՝ ինչ բարեփոխումներ են իրականացվում։ Եթե բարեփոխումների արդյունքում գալիս ենք վերջնական արդյունքը փոփոխելուն, և դրա համար նախապես միջոցներ չեն տրամադրվում, չե՞ք կարծում, որ դա իր մեջ վտանգներ կունենա։ Լրացուցիչ սթրեսները, որոնք առաջացնում են քննությունները երեխաներ մոտ, այդքան էլ չեն նպաստելու կրթության որակի բարելավմանը։ Միգուցե այդ փոփոխություններին գանք ծրագրային բյուջետավորման տրամաբանությունից»,- նշեց պատգամավորը։
Արայիկ Հարությանյանն իր հերթին նկատեց՝ իր համար տարօրինակ է, որ բողոքների մի մեծ խումբ գալիս է հայտնի դպրոցներից։
«Գիտելիքի միասնական ստուգման արդյունքում որոշ միֆեր քանդվելու են։ Իսկ որտեղից է այս գաղափարն առաջացել։ Գաղափարն առաջացել է այս տարվա ավարտական քննություններին իմ այցելություններից, երբ որ տիրում էր տնայնավարական մթնոլորտ։ Ըստ էության, Հայոց լեզվից կտրվողների թիվը 0.1-0.2 տոկոս է եղել ավարտական քննությունների ժամանակ։ Մինչդեռ ընդունելության քննության ժամանակ այդ թիվն աճում է մոտավորապխես 20 անգամ։
Անսալով բողոքներին՝ մենք այս տարի ամբողջությամբ չենք անցնի ավարտական միասնական քննություններին։ 12-րդ դասարանում դա կլինի մեկ առարկա, 9-րդ դասարանում մեկ կամ երկու առարկա։ Ավարտական քննություններով մենք իրենց նոր առաջադրանք չենք տալու, մենք ասելու ենք՝ սիրելի աշակերտ, հայերենի քննությունը հանձնելու ես ոչ թե քո ուսուցչի ներկայությամբ, քո դասարանում, այլ քո համայնքի բոլոր աշակերտների հետ՝ մեկ դահլիճում»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ