Ուսանողներին կտեղափոխեն ավելի հարմարավետ գներով. Աշոտ Հակոբյան
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեց Երևան-Երասխավան էլեկտրագնացքի տոմսի արժեքի հնարավոր նվազեցման մասին։
«Երևանից Արարատ տոմսի արժեքը 300 դրամ է, Արարատից հետո գալիս է Զոդը, որն ընդամենը 2-3 կիլոմետր է հեռու, դառնում է 600 դրամ։ Ըստ էության, Արմաշը, Երասխավանը՝ 600 դրամ։
Կուզենայի իմանալ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, և հնարավոր չէ՞արդյոք գոնե ուսանողների համար բացառություններ անել և 300 դրամ վարձավճար սահմանել»,- հարց ուղղեց պատգամավորը։
Նախարարը նշեց, որ ինքն ուղևորավարձի հետ կապված հավելյալ ճշտումներ կկատարի, իսկ ինչ վերաբերում է ուսանողների հանգամանքին, ապա իրենք ահազանգեր են ստացել Արարատի մարզի 2-3 համայնքներից։
«Բացի մեր սահմանած չվացուցակը շահողներից՝ այլ փոխադրողներ բարի կամք են դրսևորել՝ ուսանողների տեղափոխման համար։ Ուսանողներին կտեղափոխեն ավելի հարմարավետ գներով»,- ասաց Հակոբյանը։