Արցախի հարցում սխալը ժողովուրդը նոր իշխանություններին չի ների. վերլուծաբան
«Փաշինյան-Աշոտյան բանավեճերը հաճախակի բնույթ են կրում: Շատ հաճախ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են վատ դրության մեջ դնել նոր կառավարությանը: Որոշ դեպքերում վերջիններիս կողմից հնչեցված հարցերը ճշմարտության հատիկ են պարունակում, սակայն քանի որ բարձրացվում են իրենց կողմից, հասարակությունը քննադատությունները չի ընկալում: Հանրույթի զգալի մասը կարևորում է այն, թե նոր կավարությանն ինչ են հարցնում, այլ՝ ով է հարցնում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Հայկ Փայտյանը:
Բանախոսը հիշեցրեց, որ մինչ իշխանության գալը՝ Փաշինյանի թիմը բազմիցս քննադատել է ՀՀ արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ Արցախյան հարցի վերաբերյալ նախորդ իշխանությունների դիրքորոշումը: «Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը դարձել է իշխանություն, հայտարարում է, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր տեղի չեն ունենալու: Սա հարցեր է առաջացնում»,- ասաց Հայկ Փայտյանը:
Անդրադառնալով Բաղանիսի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից օրերս տեղի ունեցած կրակոցներին՝ վերլուծաբանը շեշտեց՝ դա ոտնձգություն է ՀՀ պետական սահմանի նկատմամբ, սա Արցախ չէ, միջազգայնորեն չճանաչված պետության սահման չէ:
«Եթե Ադրբեջանը մտածում է, որ կարող է, ՀՀ ներքին հակասությունների վրա հաջողություններ գրանցել, սխալվում է: Քանի դեռ հանրությունը ոգևորված է, հավատում է փոփոխություններին, հոգեբանական դաշտում առավելությունը մեր կողմն է: Այնպես որ, չեմ կարծում, որ այս պահին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ ծավալվեն: Միաժամանակ, կարծում եմ, երկարատև ժամկետում պատերազմն անխուսափելի է լինելու: Հայաստանի և Ադրբեջանի շահերն այնպես են բախվում, որ փոխզիջումային տարբերակ չկա: Ալիևն այնպիսի քարոզչություն է տարել իր երկրում, այնքան գումարներ է ներդրել բանակում, որ այս ամենը հենց այնպես չի կարող լինել: Նոր կառավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պետք է հաշվի առնի, որ Արցախի հարցում սխալը ժողովուրդն իրեն չի ների»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով Պուտին-Փաշինյան՝ օրեր առաջ կայացած հանդիպմանը՝ բանախոսը նկատեց, որ եթե ՀՀ վարաչապետը ընդունի ՌԴ նախագահի հնարավոր հորդորը՝ փոփոխելու կառավարության կազմի որոշ ներկայացուցիչների, դրանով կխաթարի ՀՀ ինքնիշխանությունը, ժողովուրդը նրան դա չի ների: «Դա կլինի առաջին մահախոսականը, եթե նա տուրք տա արտաքին ուժերին՝ լուծելու ներքաղաքական հարցերը»,- նշեց Հայկ Փայտյանը:
Վերլուծաբանն անդրադարձավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման թեմային՝ նկատելով, որ ինքը ողջունում է որոշ գաղտնի նյութեր չհանրայնացնելու մասին ԱԱԾ որոշումը: «Պետք է գիծ լինի, կան շատ հարցեր, որոնց մասին չպետք է բարձրաձայնվի: Երբ գաղտնալսում են ԱԱԾ պետին, սա խիստ տագնապալի է: Սա ահավոր վտանգավոր է: Կարծում եմ՝ լսում են նաև Նիկոլ Փաշինյանի հեռախոսը»,- ամփոփեց Հայկ Փայտյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը Ռոբերտ Քոչարյանին ավելի լավ նվեր չէին կարող մատուցել. Գառնիկ Իսագուլյան
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը