Կարեն Կարապետյանի ստեղծած «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարվում է
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը կլուծարվի: Այս մասին որոշումն ընդգրկված էր գործադիրի այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի մեջ:
Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է.
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 33,292.1 հազ. դրամ՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)»:
Ըստ հիմանվորման՝ նշված գումարը ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ՝ 33,292.1 հազ. ՀՀ դրամ (այդ թվում՝ օգոստոս ամսվա աշխատավարձ, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ):