Ապօրինություններ են հայտնաբերվել Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից մատուցվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների գները սահմանված են նշված ընկերության և առողջապահության նախարարության աշխատակազմի միջև կնքված համապատասխան պայմանագրի հավելվածով, որի համաձայն սահմանված են ցերեկային ստացիոնար և գիշերային ստացիոնար բուժման սակագները՝ համապատասխանաբար 64.700 և 107.900 դրամ:
Ոստիկանությունից մանրամասնում են, որ այս տարվա հունվարից մինչև օգոստոս, ընկերության բուժանձնակազմն ու հաշվապահություն իրականացնող աշխատակիցները իրենց օգտին օգտագործելով կարգադրիչ և այլ գործողություններ, այն է ստանալ ամսական հավելյալ աշխատավարձերի գումարներ, կենտրոն դիմած բազմաթիվ քաղաքացիների հիվանդության պատմագրերում և նրանց անուններով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվություններում մուտքագրել են իրականությանը չհամապատասխանող մատուցված բուժօգնության տեսակների ու բուժման օրերի ավել քանակների կեղծ տվյալներ:
Ըստ աղբյուրի, մասնավորապես, փաստացի ցերեկային ստացիոնարի հիվանդները ձևակերպվել են որպես գիշերային ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդներ, իսկ մի քանի դեպքերում էլ հավելագրվել են բուժման օրերի քանակները, ինչի արդյունքում կենտրոնի հաշվեհամարին պետական բյուջեից փոխանցվել է լրացուցիչ գումար և պետությանը պատճառվել էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: