Ջրառի հատվածում ունենք ապօրինի խողովակներ, որոնք սպասարկում են տարբեր հողատերերի. Սուրեն Պապիկյան
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն ամենօրյա ռեժիմով լինում է մարզերում և ստուգում Սևանից բաց թողնվող 40 մլն խմ ջրի օգտագործման պրոցեսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, Սևանից արդեն բաց է թողնվել շուրջ 26,5 մլն խմ ջուր, որի օգտագործման վերաբերյալ ամեն օր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ զեկուցումներ են ներկայացվում:
Սուրեն Պապիկյանը հայտնեց՝ հանձնաժողովն արդեն պարզել է, որ կան բազմաթիվ չարաշահումներ:
«Խոսքը վերաբերում է թե նախօրոք ներկայացված 2800 հա՝ ջրման կարիք ունեցող տարածքներին և իրական պայմանագրերին, թե ջրառի հատվածում ու Ջրօգտագործման կոմիտեի հատվածում գտնվող պատկերին: Այսինքն՝ այն հատվածում, երբ ՋՕ-ն ջուրը վերցնում է, այդ հատվածում կարծես ամեն ինչ լավ է, բայց մինչև ՋՕ-ի կողմից դրա ստանձնումը, մենք ջրառի հատվածում ունենք ապօրինի ջրային խողովակներ, որոնք սպասարկում են տարբեր հողատերերի, համայնքների: Արդունքում, ունենք բազմաթիվ պայմանագրեր չունեցող հողատարածքներ: Հաճախ գյուղացիներն ասում են՝ մենք դրա համար վճարում ենք, բայց վճարում ենք ավելի ցածր սակագին, ինչը մեզ ձեռնտու է: Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, որ բարձր օղակում գտնվող պաշտոնյաները քաջ իմանալով սրա մասին, շարունակում են չվերահսկել ջրային պաշարները և Սևանը շատերի համար շարունակում է հանդիսանալ անսպառ ջրային պաշար, որից կարելի է մշտապես օգտվել, գումարներ գերենացնել»,- նշեց Սուրեն Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրկոմ
- Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց ամբուղջությամբ
- Ջրային ռեսուրսի գողությունը այսպիսի վիճակի է հանգեցրել. Լենա Նազարյան
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ
- Եթե «ջրային մաֆիան» գոյություն ունի, պետք է այն շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի. վարչապետ