Երևանը՝ երեխաների համար
«Լույս» դաշինքի նախընտրական ծրագրի բոլոր ենթակետերում ներառված փոփոխությունները, բարեկարգումները վերաբերում են նաև երեխաներին։ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով քննարկմանն ասաց դաշինքի ավագանու թեկնածու Թեհմինա Վարդանյանը։
Նա նշեց, որ քաղաքում պետք է լինեն թեքահարթակներ, որպեսզի ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց հեշտ լինի տեղաշարժվելը, այնպես էլ մայրիկներին հեշտ լինի երեխաներին սայլակով ման տալ։ Կանաչ տարածքների ավելացման համար ունեն երկարաժամկետ կետ՝ քաղաքի հյուսիսային հատվածում թփերի և անտառների ծածկույթ ապահովել։
Թ. Վարդանյանն ասաց, որ մշակելու են նախադպրոցական և դպրոցական սննդի ռազմավարություն, որը կներառի հատուկ սնունդ մանկապարտեզներում, հատուկ ճաշացանկ և սպասարկման բարեկարգված ենթակառուցվածքներ։
«Նախադպրոցական ճաշացանկը խայտառակ է, որևէ օգտակար կոմպոնետներ չի ներառում։ Դպրոցի սննդի հետ կապված կա չորս կազմակերություն, որոնց խելքին ինչ գին փչի՝ դնում են, ինչ սնունդ ասես ներառում են։ Երեխաների նախադպրոցական կրթությունը հասնելի և մատչելի դարձնելու նպատակով հաշվառելու և գույքագրելու ենք մանկապարտեզների վարձակալությամբ տրված և օտարված շենքերը, պարբերաբար հետ ենք վերադարձնելու մանկապարտեզներին, համայնքին»,-նշեց նա։
ՀՅԴ-ից ավագանու թեկնածու Լիլիթ Մանուկյանն ընդգծեց, որ պետք է ավելացնել մանկապարտեզների թիվը, ոչ մի երեխա չպետք է դուրս մնա նախակրթական փուլից։
«Հայք» կուսակցությունից Աիդա Դաբաղյանն ասաց, որ իրենք ծրագիրը կազմելիս կարևորել են նախ այն հարցը, թե ինչպիսի անձ են ուզում ձևավորել, հետո արդեն համապատասխան պայմաններ ապահովել նրանց համար։
«Այս գործում, բնականաբար, մեկ կառույց չի կարող գործել։ Սկսում ենք ընտանիքից, նախատեսում ենք ստեղծել ծնողների աջակցության կենտրոններ համապատասխան մասնագետների թիմով, ովքեր կկարողանան աջակցել այն ծնողներին, որոնց երեխաները դժվար դաստիարակվող են, ներառական կրթության կարիք ունեն»,- նշեց նա։
Ա. Դաբաղյանի խոսքով, մանկապարտեզներում խմբերը, դպրոցներում դասարանները գերբեռնված են, ինչն անթույլատրելի է։ Նա ասաց, որ դպրոցներում պետք է անցում կատարել ուսուցման վերլուծական փուլին. «Բավական է անգիր արած նյութերը, որոնք հրամցնում ենք մեր աշակերտներին և ստիպում վերարտադրել»։
Նա նշեց, որ իրենք կարևորում են խաղահրապարակների, գեղագիտական կենտրոնների ավելացումը։
«Երևանի հանրություն» դաշինքից Արմինե Դավթյանն ասաց, որ ցանկացած քաղաքակիրթ երկրի զարգացումը պայմանավորված է այն ներդրումներով, որոնք անում է տվյալ երկիրը հենց երեխաների զարգացման վրա։
«Երբ համեմատում եմ այն ներդրումները, որոնք անում է մեր պետությունը, քաղաքապետարանը երեխաների զարգացման հաստատությունների վրա, զարմանալի չէ այն, ինչ ունենք այսօր, չենք տեսնում երեխաների համար այն պայմանները, որոնք անհրաժեշտ են նրանց ապահով մանկության համար»,- նշեց նա՝ հավելելով, որ նախ պետք է առանձնացնել այն կրթական հաստատությունները, մանկապարտեզները, գեղագիտական կենտրոնները, որոնք վերանորոգման կարիք ունեն, վերազինել սպորտդպրոցները, բակերն ապահովել կանաչապատ տարածքներով ու մաքուր խաղահրապարակներով։
«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Սոնա Մալխասյանն ասաց, որ բոլորի երազանք է ունենալ այնպիսի Երևան, որտեղ չեն լինի սոված, մուրացիկ երեխաներ, իսկ լավ պետություն և ապագա ունենալու համար պետք է ունենալ կրթված, դաստիարակված սերունդ։
Նա նշեց, որ նախ պետք է տրանսպորտն այնպես հարմարցվի, որ բոլորը կարողնան օգտվել, մարզադպրոցները, ժամանցային կենտրոնները լինեն անվճար, որ բոլորը կարողանան օգտվել։ Սոնա Մալխասյանի խոսքով, առաջարկում է ներդնել երկարօրյա ուսումնական մոդելը՝ այդպես հնարավորություն տալով ծնողներին աշխատել, քանի որ երեխային դպրոցից վերցնելը շատ աշխատող ծնողների համար խնդիր է։ Նա նաև ասաց, որ առաջարկում են «Թումոյի» օրինակով Երևանի տարբեր վարչական շրջաններում ստեղծել ստեղծարարական-ինժեներական կենտրոններ։
«Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանն ասաց, որ բոլոր խնդիրները, որոնք բարձարացվեցին, ըստ էության, երեխայի իրավունքի խնդիրներ են։
«Մեր ծրագրում ամրագրված է, որ որևէ ծրագիր իրականացնելիս՝ ելնելու ենք բացառապես երեխայի իրավունքից և լավագույն շահի սկզբունքից»,- ընդգծեց նա։
Գ. Աբրահամյանն ասաց, որ ավագանի ընտրվելուց հետո պետք է արագ վերանայել ու հասկանալ, թե որ մանկապարտեզների տարածքները կարող են վերադարձնել համայնքին, երկրորդ խնդիրը՝ բաց ու թափանցիկ դարձնել հերթագրման համակարգը։ Նա նշեց, որ ըստ ԱՎԾ տվյալների, Երևանում ապրում է 56 հազար 700 նախադպրոցական տարիքի երեխա, որից 30 հազարն է ներգրաված պետական նախադպրոցական կրթության համակարգում։
Նա նաև կարևորեց դպրոցական սննդի հարցն ու այդ նպատակով անցկացվող մրցույթները։
«Երկիր ծիրանի» կուսակցությունից ավագանու թեկնածու, գործող ավագանու անդամ Սոնա Աղեկյանն ասաց, որ Երևանում հոգատար վերաբերմունք չկա, ընդամենը հոգատարություն և սեր է անհրաժեշտ, սիրել Երևանն ու երևանցուն, ոչ թե մտածել միայն թալանելու, կողոպտելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում
- «Երևանը էգոիստ քաղաք է»
- Երևանի բոլոր խնդիրների հիմքը քաղաքաշինական է. ճարտարապետ
- Երևանը գոյատևող քաղաքից պետք է դառնա զարգացող քաղաք. Դավիթ Խաժակյան
- Երևանի ճարտարապետական դիմագիծն ու թեկնածուների առաջարկությունները