81-ամյա դերասանը մինչև տասը տարի կանցկացնի բանտում
ԱՄՆ Փենսիլվանիայի դատարանի վճռով 81-ամյա կատակերգական դերասան Բիլլ Քոսբին դատապարտվել է բռնաբարության մեղադրանքով։ Լենտա.ռու կայքը, հղում անելով TMZ պորտալին, գրում է, որ Քոսբին կալանավորվել է հենց դատարանի դահլիճից։ Նա ճաղերի հետևում կմնա երեքից տասը տարի։ Կոնկրետ ժամկետը դեռ որոշված չէ, քանի որ նախօրեին դատարանը նշանակել է միայն պատիժը, իսկ ժամկետները չի հստակեցրել։
Դերասանին մեղավոր են ճանաչել Փենսիլվանիայում Թեմպլե համալսարանի բասկետբոլի թիմի նախկին մենեջեր Անդրեա Կոնստանդին բռնաբարելու մեջ։ Տուժողը պնդում է, որ եղել է Քոսբիի տանը, որտեղ դերասանը գինի է հյուրասիրել իրեն և առաջարկել խմել երեք կապույտ հաբ։ Դրանից հետո կինը կորցրել է շարժվելու ունակությունը, և դերասանը նրա կամքին հակառակ բռնաբարել է։ Թոսբին պնդում է, որ սեռական հարաբերություն եղել է երկկողմ համաձայնությամբ, իսկ հաբերը եղել են ալերգիայի դեմ։
Ավելի վաղ ևս 15 կին հայտարարել էին, որ եղել են կատակերգական դերասանի զոհերը։ Նրանց մեծ մասը պնդում են, որ նախքան բռնաբարելը, Քոսբին նրանց թմրանյութ է տվել։ Վաղեմության ժամկետով պայմանավորված՝ Քոսբիին միայն մեկ դրվագով են պատասխանատվության ենթարկել։ 2005 թվականին դերասանը խոստովանել էր, որ քնաբեր է տվել կանանց, որպեսզի կարողանա նրանց հետ սեռական հարաբերություններ ունենա։