Բայց Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կարող ենք վստահել. Դավիթ Բաբայան
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նվազեցրել է լարվածությունն Արցախում։
Արդյոք պաշտոնական Ստեփանակերտը համամի՞տ է այս դիտարկման հետ։ Պարզաբանում ստանալու նպատակով Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։
«Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությունից հետո սահմանին վերջին ժամանակահատվածում, այո, կրակոցների և խախտումների քանակը մի քանի անգամ նվազել է։ Սա, իհարկե, ողջունելի է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հաշվի առենք մի պարզ ճշմարտություն. Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կարող ենք վստահել։ Ադրբեջանը բազմիցս խախտել է ցանկացած՝ ոչ միայն բանավոր, այլ նաև գրավոր պայմանավորվածություն՝ միջազգային փաստաթղթեր, պայմանագրեր, ՄԱԿ-ի կանոնակարգը։
Մի քանի անգամ եղել է, որ սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն նորից սկսել են»,- ասաց Դավիթ Բաբայանը։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին հանդես է եկել ռևանշիստական, հայատյաց գաղափարներով։
Բաբայանի խոսքով, Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը փորձել է փոխել բանակցային ձևաչափը, սակայն չի ստացվել, որ Ադրբեջանն Արցախի հետ երբևէ հանդիպում չի ունենալու, բանակցությունենր չի վարելու։
«Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչական քաղաքականության շարունակությունը։ Հետևաբար, կարելիէ փաստել, որ սահմանին միջադեպերը նվազել են, բայց հաշվի առնելով մեր փորձը և այն, թե Ադրբեջանն ինչ երկիր է, մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզիչ կարողանանք ցանկացած պահի դիմագրավել այդ երկրի ոտնձգություններին»,- ամփոփեց արցախցի պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Իլհամ Ալիևի հետ ձեռք է բերվել սահմանագծում միջադեպերը կանխելու մասին պայմանավորվածություն. վարչապետ
- Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել
- Ուշակով. Պուտին-Փաշինյան հանդիպմանը սպասում ենք անկեղծ ու լուրջ խոսակցություն