ԱԺ նախագահ. Հայաստանն ու Ազգային ժողովը կարևոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում
«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը մեր երկրում, որն աննախադեպ միջազգային իրադարձություն է, Ֆրանկոֆոնիային մեր նվիրվածության ևս մեկ նշան է»,-նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Բաբլոյանի խոսքով, գագաթաժողովի անցկացումը Հայաստանում կնպաստի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի ազդեցության ընդլայնմանը՝ համերաշխության, ժողովուրդների հավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, մշակութային բազմազանության և այլ արժեքների ու սկզբունքների օգտին։ «Այն արժեքների, որը մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ»,-ասել է Արա Բաբլոյանը:
ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակության կազմում էր նաև ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Հանդիպման մասնակիցների թվում էին նաև Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Դիդիե Դերեբերան և Քրիստիան Լըվրան ու Ռումինիայի պատգամավորների պալատի անդամ Սորին Նիհայ Սիմպեանուն, ով Ֆրանկոֆոնիայի համալսարանական ասոցիացիայի նախագահն է: Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նրանց այցը Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում:
Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանն ու Ազգային ժողովը կարևոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում. համապատասխանաբար Հայաստանը 2012թ. և ՀՀ Ազգային ժողովը 2014 թ. ստացել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և խորհրդարանական վեհաժողովի մշտական անդամի նոր կարգավիճակ:
Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ գագաթաժողովը կլինի Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը և կնպաստի մեր երկրի հարաբերությունների ամրապնդմանը Ֆրանկոֆոնիայի անդամ մյուս պետությունների հետ: Նա փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջ ուժերը կենտրոնացրել է գագաթաժողովի հաջողությունն ապահովելու և Ֆրանկոֆոնիային գեղեցիկ տոն պարգևելու համար:
Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս տոնին տխրություն է հաղորդել գագաթաժողովի նախօրեին Շառլ Ազնավուրի մահվան բոթը: «Շանսոնյեի մահը մեծ կորուստ էր ոչ միայն հայ և ֆրանսիացի ժողովուրդների համար, այլ ամբողջ Ֆրանկոֆոնիայի համար: Ոգեշնչվելով իր արմատներով՝ Ազնավուրը ֆրանսերենի դեսպանն էր, նա ֆրանկոֆոնիայի, դրա արժեքների մարմնավորումն էր»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:
Հանդիպումից հետո ի պատիվ Ֆրանկոֆոն խորհրդարանականների՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին