Նախագահ Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ
Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այսօր Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ առկա խնդիրնեը հնարավոր է և պետք է լուծել երկխոսության ճանապարհով, Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ առաջնորդվելով պետական ու ազգային շահերով:
Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մտադրություն չուներ և չունի վարչապետի թեկնածու առաջադրել: Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սիրո և համերաշխության մթնոլորտը աստիճանաբար կվերականգնվի. Վահրամ Բաղդասարյան
- Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ
- Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին. ՀՀԿ