Ներքաղաքական հարցերի շուրջ բոլոր որոշումները պետք է կայացվեն փոխհամաձայնության շրջանակում. Բաբլոյան
«Մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության ու բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ այսօր ԱԺ-ում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ներքաղաքական հարցերի շուրջ բոլոր որոշումները պետք է կայացվեն քաղաքական քննարկումների և փոխհամաձայնության շրջանակում:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:
Սերգեյ Նեվերովը, համոզմունք է հայտնել, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն ընդլայնվել:
Նա ևս կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:
Զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Արա Բաբլոյանը հյուրերին վստահեցրել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել նիստերի անցկացումը:
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Արա Բաբլոյանը
- Բաբլոյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին
- Նախագահը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ