Զեկույց. Վերջին տարիներին ժողովրդավարությունը ամենաշատը Թուրքիայում է անկում ապրել
Գերմանական «Bertelsmann» անկախ հիմնադրամը զեկույց է հրապարակել, որում ընգրկվել են այն «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպությանը» (ՏՀԵԿ) և ԵՄ-ին անդամ 41 երկրներ, որտեղ ժողովրդավարական և իրավական պետության ստանդարտները 2014-2017թթ. հետընթաց են ապրել։ Հետընթացի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայում, որն էլ զբաղեցրել է վերջին 41-րդ հորիզոնականը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիան Մեքսիկայի, Լեհաստանի և Հունգարիայի հետ միասին, ներառվել է այն 26 երկրների ցուցում, որտեղ ժողովրդավարության վիճակը վատթարացել է 2014-ից սկսած։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում ժողովրդավարության անկման միտումները ավելի ցայտուն կերպով են դրսևորվել հատկապես 2016թ. հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջումից հետո, երբ երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն։
Ըստ զեկույցի՝ արտակարգ դրության ընթացքում Թուրքիայում տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ և բռնաճնշումներ։ Ձերբակալվածների մեծ մասը կալանավորվել է «Թուրքիայի նախագահին վիրավորելու» մեղադրանքով։ Փակվել են մի շարք պարբերականներ, ինչպես նաև առգրավվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչներին պատկանող մի շարք ընկերություններ։
Եվ չնայած այդ ամենին, զեկույցում նշվում է, որ Թուրքիայի բնակչության շրջանում ավելի է աճել վստահությունը կառավարության հանդեպ։ Ինչպես ասել է «Bertelsmann» հիմնադրամի ղեկավարը, դա խոսում է այն մասին, որ որոշ երկրներում ժողովրդավարական արժեքները դեռևս ժողովրդի մի մասի շրջանում անհրաժեշտ կերպով սերմանված չեն։