Սահմանադրական լուծումներով պետք է առաջնորդվել, ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել. Գագիկ Հարությունյան
«Ճգնաժամ հասկացության վերաբերյալ մեկնաբանությունները, իմ կարծիքով, քիչ ավելի այլ կերպ են արվում, քան կարող են արվել, ես խնդիրը տեսնում եմ այլ հարթության վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցերին «թե իրավաբանները խոսում են սահմանադրական ճգնաժամի մասին, ԱԺ-ում մեծամասնություն չկա, և այդ խնդիրը պետք է լուծվի վարչապետի հրաժարականով ու երկու անգամ վարչապետ չընտրելով»։
«Սահմանադրությունն ունի 89-րդ հոդված, որի առաջին նախադասությամբ ասվում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական կարգով, և երկրորդ նախադասությամբ ասում է, որ պետք է ԸՕ-ով ապահովել ԱԺ-ում կայուն մեծամասնություն: Սա խորհրդարանական կառավարման առանցքային լուծումներից մեկն է՝ կայուն մեծամասնության երաշխավորությամբ: Եվ եթե ուշադիր ընթերցեք՝ կա նաև երկրորդ մաս, եթե երկրորդ փուլով կայուն մեծամասնություն չապահովվեց, ուրեմն՝ պետք է նոր ընտրություններ լինեն: Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո կար կայուն մեծամասնություն, եթե փլուզվում է կայուն խորհրդարանական մեծամասնությունը, խնդիրը, արմատն այստեղ է։ Այստեղ օրենսդրության մեջ կա որոշակի հակասական մոտեցում, որովհետև խորհրդարանական խմբակցությունների ու կոալիցիայի ձևավորումը, ըստ Սահմանադրության, վերապահվում է ԸՕ-ին, որ կոալիցիայի ձևակերպման կարգն ու սահմանափակումները սահմանվում են ԸՕ-ով և ԸՕ դրա համար սահմանել է մեխանիզմ, որ ընտրություններից հետո՝ վեցօրյա ժամկետում կարելի է կոալիցիաներ ձևավորել, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն»,- մանրամասնեց նա։
Հարությունյանի խոսքով՝ ի տարբերություն Սահմանադրության այս կարգավորման, ԱԺ օրենքը նախատեսել է կոալիցիայի ձևավորման այլ ընթացակարգ, չնայած Սահմանադրությունը նման հղում չի արել, որ ցանկացած խմբակցություն կարող է դուրս գալ դաշինքից, միանալ այլ խմբակցության և ձևավորել խորհրդարանական մեծամասնություն. «Փաստն այսօր այն է, որ մեր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այս խնդիրը պետք է հաղթահարվի»։
Նա նշեց, որ եթե ԱԺ-ն առաջնորդվեր սահմանադրության տրամաբանությամբ, ապա կարող էր հավաքվել և 92-րդ հոդվածով հաղթահարեր ճգնաժամը, որովհետև դրա հնարավորությունը տալիս է Սահմանադրության 92-րդ հոդվածը:
«Պետք է 92-րդ հոդվածում լրացում կատարվեր հենց խորհրդարանի կողմից, որտեղ ասվում է, որ 92-րդ հոդվածը տալիս է հիմքեր ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար, ընդամենը այդ հոդվածում պետք է ավելացվեր հետևյալը՝ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետև խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ԱԺ- կառավարություն և ԱԺ-այլ մարմիններ հարաբերություններում: Կարծում եմ, եթե ԱԺ-ն առաջնորդվեր Սահմանադրության տրամաբանությամբ և կայուն խորհրդարանական մեծամասնություն ապահովվելու անհրաժեշտությամբ, կարող էր փոփոխություն կատարվել 92-րդ հոդվածում փոփոխություն կատարեր, քանի որ այդ փոփոխությունը հանրաքվեով նախատեսված չէ»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Նա հավելեց, որ լուծումներ կան Սահմանադրության մեջ, և այդ լուծումներով պետք է առաջնորդվել, ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել։
Հարակից հրապարակումներ`
- Ովքեր են կողմ քվեարկել «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին
- Բաբլոյանը մեկնաբանում է ԱԺ-ում ստեղծված իրավիճակը
- ԱԺ. Քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից
- «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան