Լիահույս եմ, որ ԱՊՀ երկրների գիտնականների միջև կհաստատվի կայուն համագործակցություն. նախարար
«Հուսով ենք, որ Ֆորումի ընթացքում մենք կհասնենք այն նպատակներին, որոնք նախանշել ենք` Հայաստանում Ֆորումի անցկացման վերաբերյալ որոշում ընդունելիս»,- այս մասին նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած ԱՊՀ գիտնականների II Ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։
Ռադիկ Մարտիրոսյանը կարևորել է ԱՊՀ երկրներում գիտական հետազոտությունների կազմակերպչական ձևերի փոփոխությունները և այդ փոփոխությունների արտացոլումը գիտության զարգացման գործում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ համագումարի հիմնական նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը և փորձի փոխանակմանը:
«Լիահույս եմ, որ ԱՊՀ գիտնականների II համագումարի ընթացքում ԱՊՀ երկրների գիտական համայնքների ներկայացուցիչների միջև կհաստատվի կայուն համագործակցություն, ինչը կնպաստի միջազգային գիտական հետազոտությունների քանակի ավելացմանը և տարածաշրջանում երիտասարդ գիտնականների համագործակցության խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների համակարգմանը»:,- ասել է նախարարը։
ԱՊՀ գիտնականների II Ֆորումն անցկացվում է ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018թթ. պլանի համաձայն:
Ֆորումի կազմակերպիչներն են` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ֆորումի անցկացմանն աջակցել են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին