ԱՄՆ կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը. Ջորջ Քենթ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին` նշելով, որ այն լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար:
Կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ Ջորջ Քենթը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, և Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը:
Վարչապետն անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին և նշել, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեք: Կառավարության ղեկավարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող հետևողական աշխատանքների և տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների մասին:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով, և պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում: