Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի հետ այսօր գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերն են քննարկել:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրերի ընդլայնման վերաբերյալ առկա պայմանավորվածությունների շրջանակում նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, և շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի 50 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
«ԱՐԻ» ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը նշել է, որ քանի որ այն կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, առաջարկ կա թաղամասը «Սիդնեյ» անվանելու:
Գաղափարը ողջունվել է պետնախարարի կողմից, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին սկսել շինարարական աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրամադրվող գումարների տոկոսադրույքների վերանայման, նոր ներդրողների ներգրավման նպատակով պետության կողմից պարատոմսերի թողարկման, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: