Հայաստանի շտապ բուժօգնության ավտոպարկը վերազինվում է 200 նոր ավտոմեքենայով
«Նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաների նվիրաբերման ծրագիրը խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ»,- այս մասին նշել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը՝ այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բուժօգնության ավտոմեքենայի հանձնման արարողությանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ևս ներկա են գտնվել արարողությանը:
Դեսպանը տեղեկացրել է, որ հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցներին շտապ բուժօգնության մեքենաներն ու դրանցում տեղակայված սարքավորումները ներկայացնելու նպատակով Չինաստանից Հայաստան է ժամանել մասնագետների խումբ: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ անցել է մասնագիտական վերապատրաստում:
«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասել է դեսպանը:
Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 200 ավտոմեքենայից 65-ը ռեանիմոբիլ է, 135-ը` գծային շտապօգնության մեքենա:
Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին մանրամասն ներկայացրել են շտապ բուժօգնության ավտոմեքենաների հնարավորություններն ու դրանցում առկա տեխնիկական միջոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները