Առաջիկա կիրակի ձեր առջև դրված է ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորություն. վարչապետը՝ էջմիածինցիներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի նախընտրական քարոզարշավին։
Նա նշել է, որ Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը հենց Էջմիածնի բնակիչներն են զգում։
«Էջմիածինցիները կոռուպցիոն համակարգից, օլիգարխական համակարգից ամենաշատն էին տուժում։ Երբ ասում էին, որ Հայաստանում կա «բեսպրեդել», ամենաշատը դուք գիտեիք, թե դա ինչ է նշանակում, երբ ասում էին, որ կա բդեշխություն, ամենաշատը դուք էիք տեսնում, թե ինչ է դա նշանակում։ Ես ուզում եմ այսօր առաջին հերթին շնորհավորել ձեր հաղթնակի կապակցությամբ, որովհետև հաղթողը դուք եք, հեղափոխությունը դուք եք արել։ Ձեր առջև կանգնած է ոչ պակաս կարևոր մի մարտահրավեր։ Առաջիկա կիրակի ձեր առջև դրված է ևս մեկ հեղափոխություն անելու հնարավորություն։ Դուք պետք է իրականացնեք ևս մեկ աննախադեպ հեղափոխությոն և Դիանա Գասպարյանին ընտրեք 3-րդ հանրապետության առաջին կին քաղաքապետ։ Ես չեմ ուզում որևէ թեկնածուի թերագնահատել, բայց ուզում եմ ասել, որ սա իսկապես կարևոր հեղափոխություն է»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանում պետական կառավարման համակարգում կանանց դերը պետք է մեծանա, մենք պետք է ունենանք ավելի շատ կին քաղաքապետեր, նախարարներ ու պատգամավորներ։
Նրա խոսքով, Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները պետք է դառնան հայ ժողովրդի հերթական հաղթանակը։
«Էջմիածինը պետք է դառնա հեղափոխության մայրաքաղաքը։ Ընտրական որոշումները կայացնում է ժողովուրդը, նա է բարձրագույն իշխանությունը, ժողովուրդն է որոշելու՝ ով լինի քաղաքապետ, ով՝ գյուղապետ, ով՝ վարչապետ։ Ժողովուրդն այլևս տասնապետների, հարյուրապետնորի ու հազարապետների ցուցակում ընդգրկված գլխաքանակ չէ, որին գնում էին 5-10 հազար դրամով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Նա նշեց, որ իրենք խոնարհ են եղել և կլինեն ժողովրդի իշխանությանը։ Կրկին էջմիածինցիներին հորդորեց կիրակի իրականացնել սիրո և համերաշխության հեղափոխության ամենավճռական փուլը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Էջմիածնում քայլերթ մեկնարկեց:
Հարակից հրապարակումներ`
- Էջմիածնում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 21-ին
- Դիանա Գասպարյանը՝ Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար