Լևոն Ստեփանյան. Սևակ Միքայելյանի հետ մենք քաղաքական հակառակորդներ ենք
Հրազդանի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Լևոն Ստեփանյանն իր անձի ու իր քաղաքական ուղու նկատմամբ սադրանք է որակում տարածված այն խոսակցությունները, որ ինքը մյուս թեկնածուի՝ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակի ընկերն է ու իր առաջադրումը ձևական է։
Նա ասաց՝ Սևակի հետ միասին 9-10 տարի առաջ պարապել են բուհ ընդունվելու համար, այդ ժամանակից ճանաչել են միմյանց, մարդկային նորմալ հարաբերություններ ունեն։
Ստեփանյանը նկատեց՝ միաժամանակ իրենց քաղաքական հայացքները տարբեր են, սակայն թշնամական որևէ բան չկա։
«Հատկապես Հրազդանում ընդունված է եղել, որ եթե երկու քաղաքական ուժեր իրար հետ մրցակցում են, ուրեմն պետք է թշնամիներ լինեն, մեզ մոտ նման բան չկա, բայց մենք քաղաքական հակառակորդներ ենք։ Ես այն տեսակը չեմ, որ կարող է ինչ-որ մեկի կողմից դրված լինել, ես պատասխանատու հայտարարություն եմ անում»,-«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց Լևոն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի աջակցում։ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել էր, որ իրենք սիրում ու հարգում են թե Սասուն Միքայելյանին, թե նրա որդուն, սակայն իրենց համար լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական պրոցեսներում «ընտանեկան ավանդույթներ լինեն մանավանդ այս փուլում»։
Հրազդանում քաղաքապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 21-ին։ Առաջադրված հինգ թեկնածուներից այս պահին մրցապայքարում մնացել են երկուսը։ Թեկնածուներից մեկի գրանցումը մերժել են, մեկը հետ է վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ է հայտնել։
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանում Սասուն Միքայելյանի որդին չորս մրցակից ունի
- «Հրապարակ». Սասուն Միքայելյանը Հրազդանի տարածաշրջանում «ձիու վրա» է և որոշել է ռևանշ վերցնել