Տաջիկստանի պատվիրակությունն այցելել է Քրեակատարողական ծառայություն
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային հասարակական կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Պատվիրակության կազմում են եղել Տաջիկստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի քաղաքական և քաղաքացիական իրավունքների պետական պաշտպանության վարչության պետի տեղակալը, Արդարադատության նախարարության քրեական պատիժների կատարման գլխավոր վարչության պետի տեղակալը, դատախազության՝ ազատությունից զրկման վայրերում օրինականության նկատմամբ վերահսկողության հատուկ բաժնի պետը, քաղաքացիական հասարակության մոնիթորինգային խմբի ղեկավարը, «Մարդու իրավունքների և օրենքի գերակայության բյուրո» ՀԿ տնօրենի տեղակալը:
Ողջունելով հյուրերին՝ Ա. Մխոյանը նշել է, որ բարձր է գնահատում նման համդիպումները, որոնք համագործակցության և փորձի փոխանակման լայն հնարավորություն են ընձեռում:
Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանը նշել է, որ Քրեակատարողական ծառայությունը սերտ համագործակցում է բոլոր կառույցների հետ, առանց խոչընդոտների և սահմանափակումների քննարկվում է յուրաքանչյուր հարց՝ համակարգի առջև դրված խնդիրների համատեղ և արդյունավետ լուծման համար:
Պատվիրակության ներկայացուցիչներին առանձնապես հետաքրքրել են ազատազրկված անձանց բժշկական սպասարկմանը, զբաղվածությանը, տեսազանգի հնարավորությանը, ուղղիչ հիմնարկների տեսակների առանձնահատկություններին վերաբերող հարցերը:
Նրանց ուշադրության կենտրոնում է եղել հատկապես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի արդյունավետությունը ՀՀ-ում, որի շրջանակներում քննարկվել են նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերը:
Ծառայության պետ Ա. Մխոյանը, ներկայացնելով Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը, շեշտլել է, որ օրերս ցմահ դատապարտյալներից մեկը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց, ինչը նախադեպ է ՀՀ համար, իսկ առաջիկայում սպասվում է նաև համաներում:
Հանդիպման ավարտին Տաջիկստանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնեց ջերմ ընդունելության համար և Ծառայությանը նվիրել իրենց երկիրը ներկայացնող պատկերագիրք:
Պատվիրակության անդամները դիմել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այց կատարելու խնդրանքով, ինչին Ա. Մխոյանն արձագանքել է դրական:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում