Երևանը Հայաստանի գլուխն է, Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունքի մարզ: Մարզպետարանում հանդիպել է համայնքների ղեկավարների հետ:
Նրա խոսքով՝ եթե Երևանը Հայաստանի գլուխն է, Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և որքան պինդ լինի ողնաշարը, այնքան ավելի պինդ կլինի պետությունը: «Մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և շատ կարևոր է, որ ի վերջո ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հետհեղափոխական շրջանը, փուլն ավարտենք և անցնենք զարգացման ծրագրերի իրականացման փուլին: Այս հարցում, իհարկե, շատ կարևոր է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք խնդիրներ իրենց լուծումն են ստացել: Մասնավորապես, ըստ Փաշինյանի, գումար կտրամադրվի Մեղրի համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար, ֆինանսավորումն արդեն ամբողջությամբ առկա է:
Մեղրի համայքնի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշեց, որ մանկապարտեզի վերանորոգման նախագիծը 10 օրից պատրաստ կլինի և կներկայացնեն «Իմ քայլը» հիմնադրամին:
Համայնքապետը մեղրեցիների անունից շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին իրենց խնդրին լուծում տալու համար, սակայն վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ շնորհակալության կարիք չկա, դա իրենց պարտքն է:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ լուծվել է նաև մարզի գյուղերից մեկի գյուղատնտեսական տեխնիկայի հարցը:
Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ Սյունիքի մարզի ո՞ր բնակավայրում էր խնդիրը։ Վերջինս սակայն չէր հիշում համայնքի անունը, ինչին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Լավ չի, որ անունը չեք հիշում»:
Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ խոսքը Սիսիան համայնքի Նժդեհ բնակավայրի մասին է. «Որպեսզի թյուրիմացություն չլինի՝ պարզվեց, որ խոսքը ոչ թե համայնքի մասին է, այլ՝ Սիսիանի բնակավայրերից մեկի մասին: Նախարարն ասում է, որ իրենք աշխատել են Սիսիանի համայնքապետարանի հետ, դրա համար բնակավայրի անունը չէր հիշում»:
Նրան նաև տեղեկացրեցին, որ գյուղատնտեսական տեխնիկա ձեռբերելու համար արդեն իսկ պայմանագիր են ստորագրել և շուտով Նժդեհում նոր տեխնիկա կունենան։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ խոսեց մարզում իրականացվելիք որոշ ծրագրերի մասին:
«Միայն Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար կառավարության կողմից հատկացվել է 253 մլն դրամ գումար, որի նախագծա-նախահաշվային փաստաթղթերն արդեն իսկ ավարտական փուլում են, մնացել են փաստաթղթավորման խնդիրները: Կապանի կամուրջի նորոգման համար էլ տրամադրվել է 24 մլն դրամ»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն էլ շնորհակալություն հայտնեց վարչապետին և կառավարությանը բարձր վստահության համար: «Ես ասել եմ և այսօր էլ գլուխս բարձր ասում եմ՝ աշխատելու եմ նոր Հայաստանում և մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը: Մնացածն արդեն կյանքը ցույց կտա»,- ասաց Հունան Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ սյունեցիների աջակցությամբ մարզում լուրջ արդյունքների կհասնեն: