Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին:
Արարքի դրդապատճառները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:
Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:
Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը Panorama.am-ին տեղեկացրել էր, որ «երեխաների տաքուկ անկյունի հարցը լուծված է, ապահով միջավայրում են, մնացած հարցերը թե ինչպես կլինեն, կտեղափոխվե՞ն, թե՞ կմնան այդ մանկատանը դեռ հստակ չէ»:
Հովսեփյանի խոսքով, երեխաները ենթարկվել են բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ առողջական խնդիրներ չունեն, նրանց մարմինների վրա բռնության հետքեր չկան։