Թուրքիայի դպրոցներում «աշակերտի երդումը» վերականգնելու մասին որոշում է կայացվել
Թուրքիայի պետական խորհուրդը (պետական կառավարման ոլորտի առաջացող վեճերը կարգավորող բարձրագույն վարչական դատարան-խմբ.) որոշում է կայացրել երկրի տարրական դպրոցներում վերականգնել «աշակերտի երդում»-ը: Որոշումը կայացվել է Թուրքական կրթական արհմիության դիմումի հիման վրա:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, արհմիությունը դիմումի մեջ պետխորհրդից պահանջել է չեղյալ համարել 2013 թվականին կրթության մասին օրենքում կատարված այն փոփոխությունը, որով հանվել է տարրական դպրոցներում ամեն օր դասերը սկսելուց առաջ բոլոր երեխաների կողմից ռասիստական «երդման» տեքստի պարտադիր արտասանությունը:
Փոփոխությունը իրականացվել էր 2013 թվականին Եվրամիության պահանջով էրդողանի նախաձեռնած Թուրքիայի «դեմոկրատացման փաթեթի» ընդունման շրջանակներում:
Մինչ այդ Թուրքիայի դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին (անկախ ազգային պատկանելությունից) ստիպում էին ամեն օր դասերը սկսելուց առաջ արտասանել «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» բառերով սկսվող երդման տեքստը:
Երդման արտասանությունը կրկին պարտադիր դարձնելու մասին պետխորհրդի որոշումը, որը դեռևս կարելի է բողոքարկել, ոչ միանաշանակ ռեակցիայի է արժանացել Թուրքիայում:
Բարձրացած աղմուկի ֆոնին երկրի կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ որոշումը վերջնական չէ, ուժի մեջ չի մտել և հնարավոր է բողոքարկել:
Որոշումը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը: Վերջինս նշել է, որ պետական խորհուրդը անցել է իր իրավասության սահմանները և կայացրել մի որոշում որն իրեն վերագրված չէ սահամանդրությամբ: Պետխորհրդի որոշումը ոգևորությամբ է ընդունել Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հետ կոալիցիոն հարաբերություններ մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցություն» (MHP-ԱՇԿ): ԱՇԿ-ի՝ «Թվիթերի» պաշտոնական էջում հայտնվել է «աշակերտի երդման» վերջաբանը՝ «Երջանիկ է նա, ով ասում է՝ թուրք եմ»:
«Երդումը» 1933թ. գրել է ընդամենը տասնութ ամիս կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռեշիթ Գալիփը: 1934-ից մինչև 2013 թվականը Թուրքիայի բոլոր տարրական դպրոցներում, այդ թվում՝ հայկական, այն ամեն առավոտ բարձրաձայն արտասանվում էր բոլոր աշակերտների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում