Վահան Իշխանյան. Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ
«Նիկոլ Փաշինանը արդեն հակահեղափոխականներ է փնտրում հասարակության ավելի լայն շերտերում, ամենախոցելի խավերում՝ գործազուրկների ու աղքատների մեջ, արդեն ամենաաղքատ խավերին է մեղադրում երկրի տնտեսական անհաջողություններում, նրանց մեղադրում է թե ծույլ են, չեն ուզում աշխատել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանը։
Նա շարունակում է. «Այսպես, կառավարությունում Փաշինյանը հարցրել է՝ արդյո՞ք բոլոր մարդիկ իրենցից կախված ամեն ինչ անում են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար։ Եվ պատասխանում է.
«Վախենամ, որ այս հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է, որովհետև շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, ովքեր օրեր են անցնում թաղային բիսետկաներում և ասում են՝ «մի գործ լիներ աշխատեինք»»։
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նորանշանակ նախարարին ներկայացնելիս Փաշինյանն իր խոսում նշել էր. «Մեր երկրում հենց այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, և երկրորդը, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում: Մենք այս ուղերձը շատ հստակ մեր երկրի քաղաքացիներին պետք է հղենք, որովհետև երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, և պետք է դուրս գալ այն մտածողությունից, որ միայն կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները:
Ինչպե՞ս կարող է որևէ մեկը մտածել, որ կառավարությունն ավելի լավ կհոգա որևէ ընտանիքի բարեկեցության մասին, եթե այդ ընտանիքն ինքն առնվազն իրենից կախված առավելագույնը չի անում իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Սա չափազանց կարևոր արձանագրում է, և մենք պետք է միասին համագործակցելով աշխատենք և տեսնենք, թե ինչ հնարավորություններ կան, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է աջակցի, որպեսզի տնտեսական այս ցիկլի, այս հնարավորությունների մասին մարդիկ իմանան»։