Բոլոր 178 տեղամասային ընտրական հանձնաժողովներում սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփումը. Մուկուչյան
«Լուսաշող համայքնում գրանցվել է ամենաբարձր ակտիվությունը։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցողների թիվը 415 է, նրանց մոտ 81 տոկոսը մասնակցել է ընտրություններին։ Ամենապասիվը Մեծաձոր համայնքն է, որտեղ միայն համայնքի ավագանի էին ընտրում, և քվեարկելու իրավունք ունեցող135 ընտրողներից այստեղ մասնակցել է մոտ 9 տոկոսը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում քիչ առաջ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ինչ վերաբերում է Էջմիածնին, ապա, նրա խոսքքով, նախորդ ընտրությունների հետ համեմատած, գրանցվել է գրեթե նույն պատկերը, Արմավիր և Կապան համայնքներում մասնակցությունը ավելի է եղել երկու տոկոսով, Հրազդան համայնքում՝ նախորդ ընտրությունների հետ համեմատ՝ ավելի պակաս։
ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ բոլոր 178 տեղամասային ընտրական հանձնաժողովներում սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփումը։ Արդյունքներն, ըստ էության, կամփոփվեն գիշերվա ընթացքում։
«Եթե կլինեն դիմումներ, դրանց քննությունը կկազմակերպվի տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Համենայնդեպս, օրվա ընթացքում այցելելով նաև Էջմիածին համայնք, լինելով տեղամասային կենտրոններում՝ ես ինքս տեսել եմ, որ որոշ տեղամասերում կային նման գրառումներ։ Բնական է՝ դրանք դառնալու են առանձին ուսումնասիրման առարկա, և քվեարկության օրվանից հետո՝ հինգերորդ օրը արդեն ամբողջի ամփոփման արդյունքում, տարածքային ընտրական հանձնաժողովները կկայացնեն որոշում՝ ընտրության արդյունքներն ամփոփելու մասին»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ընտրությունների ընթացքը՝ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ն գրավոր դիմում-բողոքներ չի ստացել։
«Բայց քվեարկության օրվա ընթացքում եղել են տարբեր ահազանգեր, հրապարակումներ, և այդ բոլոր հրապարակումներում բերված փաստերը եղել են ԿԸՀ-ի ուսումնասիրության առարկա։ Անմիջապես արագ արձագանքում է տեղի ունեցել։ Օրվա ընթացքում նաև տեղեկացվել ենք, որ տարբեր տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրավասու սուբյեկտների կողմից գրանցամատյաններում են գրառումներ կատարվել խախտումների վերաբերյալ։ Այդ ամենը բնականաբար հետագայում դառնալու է մանրակրկիտ քննության առարկա»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այսօր որոշ ընտրատեղամասերում տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ են ի հատ եկել, սակայն խոսքն առանձին դեպքերի մասին է, որոնք ևս դառնալու են ուսումնասիրման առարկա։
«Սոլակ համայնքի հետ կապված էլ շրջանառվում էր այն հանգամանքը, որ այտեղ բավականին մեծ է եղել ընտրողներին օգնողների թիվը։ Հանգամանքը պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա հանդիսանա՝պարզելու, թե ինչն է եղել պատճառը, որ օգնողների թիվը եղել է ավելի մեծ, քան մյուս համայնքներում»,-ա սաց ԿԸՀ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունները մրցակցային են եղել. Արմեն Սմբատյան
- Անկախ դիտորդ դաշինքը Հրազդանում և Վաղարշապատում ժամը 17:00֊ի դրությամբ մի քանի ընտրախախտում է հայտնաբերել
- Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն. Սևակ Միքայելյան
- Իմ եղած գրեթե բոլոր ընտրատեղամասերում բավականին շատ դիտորդներ ու վստահված անձիք կան. Մուկուչյան
- Սոլակում «ավտոների միտինգա»
- Ես շատ տղամարդկանցից ավելի տղամարդ եմ եղել այս քարոզարշավի ժամանակ. Դիանա Գասպարյան