Փաշինյան. Ցավոք, չեմ կարող պնդել, որ այսօր այս ուղերձը շատ հստակ ընկալված է ՀՀ-ում բոլորի կողմից
«Ինձ համար ամենակարևոր սկզբունքը հետևյալն է. պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ»,-Լիբանանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փոշինյանը` ավելացնելով, որ այդ հարցում սկզբունքային է լինելու:
Նրա պատկերացմամբ` Հայաստանում իշխանության մեջ տեղ չպետք է ունենան մարդիկ, ովքեր իշխանությունը կիրառում են որպես սեփականություն ձեռք բերելու միջոց:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ընդգծել է, ով ուզում է սեփականություն ձեռք բերել, ունենալ, դա օրինական և հասկանալի ձգտում է, եթե մարդը զբաղված չէ իշխանական գործունեությամբ կամ ընդհանրապես քաղաքականությամբ, որովհետև քաղաքականությունը պետք է դադարի լինել սեփականությունը պահպանելու միջոց, բիզնեսմեն դառնալու կամ բիզնեսը պահպանելու միջոց:
«Ցավոք, չեմ կարող պնդել, որ այսօր այս ուղերձը շատ հստակ ընկալված է ՀՀ-ում բոլորի կողմից, և չեմ կարող բացառել, որ այս միտումը դեռևս կարող է շարունակվել, և նույնիսկ լինեն նոր դրսևորումներ, բայց կարող եմ վստահաբար ասել, որ մենք հետևողական դրա դեմ պայքարելու ենք, և այս երևույթը պետք է շատ հստակ Հայաստանի իրականությունից բացառվի:
Այստեղ կան խնդիրներ սահմանների, մեթոդների մասին, որպեսզի դրանք ոչ թե հայտարարություններով լուծվեն, այլ լինեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք հանրությանը թույլ կտան այդ ամենը վերահսկել և իշխանությանը մշտական վերահսկողության տակ պահել»,-ասել է նա: