Ցավում եմ, որ պարտություն ենք կրել, բայց մյուս կողմից ուրախ եմ. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորին նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ։
«Իհարկե, շատ ցավում եմ, որ Նարեկ Բաբայանը, մենք ընտրություններում պարտություն ենք կրել, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ մենք ևս մեկ քայլ կատարեցինք արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, իրենց պաշտպանած թեկնածուներից երկուսն այս ընտրություններում պարտվել են, մյուսները հաղթել են, բայց պարտված թեկնածուները հանդես են եկել հեղափոխություն պաշտպանության դիրքերից, անկուսակցական թեկնածուներ են, նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել են, որ պատրաստ են անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Էականն այն է, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք, և ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու»,- ասաց նա։
Ն. Փաշինյանը նաև նշեց, որ իրենք հարցումներով էլ գիտեին իրավիճակը Կապանում։
«Ընդհակառակը, վերջին քարոզարշավի երկրորդ մասում մեր թեկնածուի վարկանիշը շատ լուրջ աճ արձանագրեց, բայց, ցավոք, չհասցրեցինք մինչև վերջ հասցնել», - աասաց վարչապետի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ նախօրեին Կապանում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը։ Նա ստացել է 10 հազար 507 կողմ ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նարեկ Բաբայանը՝ 8499 ձայն, ինքնաառաջադրված անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը՝ 297 ձայն։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Գևորգյանը ներկայացրել է ԱԻԲԱ-ի կանոնադրության փոփոխությունները
- Կապանում անկուսակցական թեկնածուն հաղթել է ՔՊ-ականին
- ՏԻՄ ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը. ԿԸՀ
- Արմավիրի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Խուդաթյանը. Սիփան Փաշինյան