Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերին Փարիզում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, ասել է, որ Վաշինգտոնը հստակ կարգավորումներ կանի Թրամփի համար, որպեսզի նա հանդիպի Պուտինին Փարիզում նոյեմբերի 11-ին։
Բոլտոնն այս մասին ասել է Պուտինի հետ 90 րոպե տևած հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։ Բոլտոնը հանդիպումը բնութագրել է որպես «համակողմանի ու արդյունավետ»։
Հանդիպման մեկնարկին Պուտինն ասել էր, որ ցանկանում է երկխոսություն Թրամփի հետ, որը սկսվել է Հելսինկիում հուլիս ամսին։ Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել ԱՄՆ-ՌԴ երկխոսությունը՝ չնայած տարաձայնություններին։ Պուտինը նաև կարևորել է Փարիզում երկու երկրների նախագահների հանդիպումը, երբ նրանք միասին նշելու են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։
Բոլտոնը պատասխանել է՝ ասելով, որ Թրամփը ևս ցանկանում է հանդիպել Պուտինին Փարիզում նոյեմբերին։
Հիշեցնենք, որ օրերս Թրամփը հայտարարեց, որ ցանկանում է դուրս գալ ԱՄՆ-ՌԴ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից, որը ստորագրվել է Միխեիլ Գորբաչովի ու Ռոնալդ Ռեյգանի կողմից՝ 1987թ․-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն կոչ է անում ԱՄՆ-ին մտածել ՌԴ-ի հետ հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու հետևանքների մասին
- ԱՄՆ-ը հայտնվել է փակուղում և գնում է «անպատասխանատու ուղով». Գորբաչև