Մենք ձգտելու ենք Հայաստանում իրականացնել «եվրոռեմոնտ». Տ. Խզմալյան
«Մենք միավորել ենք մի հիմնական գաղափարի շուրջ՝ համարում ենք, որ մեր երկիրը 98 տարի զավթված է, մեր բոլոր քաղաքական տնտեսական, մշակութային, քաղաքակրթական խնդիրների առանցքը հանդիսանում է հենց դա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ խոսելով նոր կուսակցության ստեղծման, քաղաքական նպատակների և գաղափարների մասին։
Նրա խոսքով, այն կուսակցությունների ցանկում, որոնք կան, փնտրել են այնպիսի քաղաքական ուժ, վեկտոր, որը հանդես գա հենց այս դիրքերից։
«Թեև մեր գործընկերների մեջ կան նվիրյալ, ազգային գործիչներ՝ նույն Շանթ Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, ովքեր թանկ են վճարել իրենց կյանքում ազատագրման, անկախացման գաղափարի համար, այնուամենայնիվ, մենք համարեցինք անհրաժեշտ ստեղծել կուսակցություն, որն ընդգծված եվրոպամետ ուղղությամբ կշարժվի։ Մենք, որպես ծրագրի հիմնական նպատակներ, ձևակերպում ենք պարզ գաղափարներ՝ Հայաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, բնականաբար, օր առաջ դուրս գա ԵԱՏՄ, ՀԱՊԿ համակարգից»,- ասաց Տ.Խզմալյանը։
Ինչ վերաբերում է ներքին քաղաքական հարցերին, նա նշեց, որ ձգտելու են Հայաստանում իրականացնել «եվրոռեմոնտ». «Խոսքը գնում է պետական, տնտեսական, մշակութային, կրթական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական համակարգի ռեմոնտի մասին։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը եվրոպական պետություն է, մշակութային, քաղաքակրթական առումով ոչ միայն եվրոպական ենք, առանցքային մշակույթ ենք Եվրոպայի համար, այնպես որ այս ընտրությունը բոլորովին պատահական չէ, շատ բնական է»։
Նախաձեռնող խմբի անդամի խոսքով, Հայաստանի եվրոպական կուսակցության ստեղծումը նպաստելու է այս գաղափարի ներդրմանը, զարգացմանը, բերելու է հանրության ճնշող մեծամասնությանն այն մտքին, որ սա միակ հնարավոր ճանապարհն է ազգային անվտանգության, մշակութային ինքնության, տնտեսական բարգավաճման ճանապարհին։
Նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս, ազատամարտիկ Արամ Ավետիսյանն ասաց, թեև փորձելու են ինչ-որ ձևաչափով մասնակցել առաջիկա ընտրություններին, բայց մեծ ողբերգություն չի լինի, եթե չհասցնեն մասնակցել, քանի որ այն հարցերը, որոնք առաջ են քաշում, լուրջ, հիմնավոր հարցեր են և լուրջ ու հիմնավոր աշխատանք են պահանջում։ Նա նշեց, որ ընդդիմություն են լինելու։