Գրախանութները կվերցնեն Չիբուխչյանի գիրքը, բայց նա էլ չի հրատարակի
Իջևանցի Լյուբիկ Չիբուխչյանը, ով բանաստեղծություններ է գրում հիմնականում քաղաքական կամ հասարակական հայտնի գործիչների մասին ու իրեն համարում աշխարհի ամենաարագ մտածողը, 200 էջանոց ձոնը է հրապարակել։ Այն վերնագրված է «Իջևան մոլորակից իջած փրկիչը»: Ի դեպ, նա եղել է նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդականը։
«Բուկինիստ», «Նոյան տապան» գրախանութներում գիրքը չունեն, բայց վերնագրից գուշակեցին, թե ում մասին է խոսքը։
«Բուկինիստ» գրախանութի հիմնադիր ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, եթե իրենց առաջարկեն գիրքը, ապա կվերցնեն ու կվաճառեն։
«Մենք քմահաճույքով չենք ընդունում գիրքը, իհարկե կվերցնենք»,-ասաց Վարդանյանը։
«Նոյան տապան»-ում էլ գրքի բովանդակությանը ծանոթ չեն, բայց վաճառքի համար կվերցնեն, եթե գրապալատը հաստատած լինի, համարակալում էլ ունենա։
«Գիտե՞ք ինչ, մեկը կարող է եսիմ որտեղ ինչ-որ բան տպի, բերի»,-նշեցին գրախանութից։
Գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը Panorama.am-ին հայտնեց, որ գիրքն այլևս չի հրատարակվելու։ Վերջին տպագրվածը 200 էջանոց է, առաջինը՝ 177, նկարներն են ավելացել, տպագրվել է 50 օրինակ, մոտ 220 հազար դրամի ֆինանսավորումը տրամադրել է Իջևանի քաղաքապետարանը։
«Ինձ ասեցին, մեր երկրացին է, երկուսս էլ Ենոքավանի ծնունդ ենք։ Փաշինյանի հերը ինձ հետ պարապել է դպրոցում, մերը մեր ազգի աղջիկ է, մեզ հորեղբոր աղջիկ է գալիս, ո՞նց չգրեի։ Իմ ընկերներ ասեցին, Փաշինյանը քո համերկրացին է, 300 գրքի պաշար ունես, 267 գիրք ես գրել, սաղ աշխարհը թնդում է, Պուտինի մասին գրել ես, քո բարեկամի մասին չե՞ս ուզում գրես։ Ես էլ գրեցի, 5 օրում մատիտով 400 էջ ձեռագիր»,-ասաց Չիբուխչյանը՝ չհստակեցնելով, թե ովքեր են եղել նման բան առաջարկողները։
Նրա խոսքով, 420 հազար դրամ էլ պարտք է մնացել նախորդ հրատարակությունների համար։ Նորից հրատարակելու համար ֆինանսական միջոցներ չունի։ Վերջին անգամ ուղարկել են Երևան, տպագրվել է «Նարեկ»-ում։
«Պահանջարկը շատ է, բայց ոչ վաճառքի»,-ասաց նա։
Չիբուխչյանը գիրքն ուղարկել է Փաշինյանին, պատասխան չի ստացել։ Ասում է մոտ մի տասնյակ նամակներ է հասցեագրել վարչապետին, բայց որևէ մեկին չի պատասխանել։
«Ճանաչվել եմ մոլորակի ամենաարագ մտածող մարդը։ Հիմա ինձ ոչ մի արձագանք չկա։ Ինքը կարում է իր կնոջ վարսավիրին դնի փոխնախարար, ինչ է թե ես նախկին մարզպետի խորհրդական եմ...»,-ասաց նա։
Ասում է՝ առաջին գիրքը գրել է 3.5 տարեկանում, գրքեր է ձոնել Պետրոս Առաջինին, Վլադիմիր Պուտինին, Անդրանիկ Մարգարյանին, Ջոն Էվանսին և այլոց։
Սա մի հատված է ձոնից, որը հրապարակվել է մամուլում.
«Հազարամյակի անմերժ պատվերն էր, որ դու ծնվեցիր
Եվ քիչը շատող հերթական հայ չէ, որ կրկնվեցիր, Առաջին անգամ միասին ելան արև ու լուսին
Ողջ աշխարհ տեսնի՝ իրենք քեզ ծնած կին ու ամուսին,
Շփեղ Աղստեւն իր հունը թեքեց, որ պարզաջրվես
Ծիածանն իջավ ձրի վարսավիր, յոթ շեղբ սափրվես»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին