Հումանիտար բնույթի գործընթացները չպետք է դառնան քաղաքական շահարկման առարկա. Զ.Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Քլեր Մեյթրոյին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդմամբ, շնորհավորելով Քլեր Մեյթրոյին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում ու Արցախում և բարձր է գնահատում կոմիտեի շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԿԽՄԿ-ի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցության ամրապնդման շուրջ։ Կարևորելով ԿԽՄԿ-ի առաքելությունը` նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ հումանիտար բնույթի գործընթացները չպետք է դառնան քաղաքական շահարկման առարկա: