Տոնոյանը Լիբանանում հանդիպել է հայ խաղաղապահների հետ
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր:
ՊՆ-ից հայտնում են, որ UNIFIL առաքելությանը մասնակցող ուժերի ռազմաբազայում պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է հայկական զորախմբի հրամանատար, մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը։ Զինվորական արարողակարգով հայկական պատվիրակությանը ողջունել է ռազմաբազայի փոխհրամանատար Իմռան Ռհիզան։
UNIFIL west sector-ում Դավիթ Տոնոյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ռազմաբազայի հրամանատարության և խաղաղապահ առաքելությանը ներգրավված զինծառայողների մասնակցությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ռազմաբազայի հյուրերի մատյանում։
Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է հայ խաղաղապահների պատասխանատվության տարածք։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Հենց այս հատվածում, նշված բրիգադի ենթակայության տակ են ծառայությունն իրականացնում հայ խաղաղապահները։
Պաշտպանության նախարարին ուղեկցում էր Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։ Բրիֆինգի սենյակում բրիգադի հրամանատարի տեղակալ, իռլանդական բանակի գնդապետ Անթոնի Մակքենան նախարար Տոնոյանին մանրամասն զեկուցեց բրիգադի կառուցվածքի, խնդիրների և այլ առանձնահատկությունների մասին։
Զեկույցից հետո Դավիթ Տոնոյանը հանդիպեց հայ խաղաղապահների հետ։ Նախարարը ողջունել է մեր զինծառայողներին և շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության համար։ Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշաններով։