Պոպով․ Հաջորդ ամիս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այսօր հայտարարել է, որ Բաքուն ու Երևանն ունեն սկզբունքային ցանկություն՝ շարունակել Ղարաբաղի հարցով երկխոսությունը՝ բարձր մակարդակով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
«Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս տեղի կունենա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որում կքննարկվի կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն քայլերը, որոնք կարող են ընդունվել՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, այն, ինչպես կկառուցվեն երկու երկրների ղեկավարների միջև փոխհարաբերությունները։ Սկզբունքորեն մենք հասկացանք, որ կա ցանկություն՝ շարունակել երկխոսությունը ամենաբարձր մակարդակով»,-ասել է Պոպովը լրագրողներին։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում էին հոկտեմբերի 29-ին, այնուհետ նրանք եղան Ստեփանակերտում ու Բաքվում։
Նշենք նաև, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ լրջորեն պայմանավորվել դժվար թե ստացվի, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունացել։