Բակո Սահակյան. Լեգենդար ծանրամարտիկի անունը միշտ վառ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին:
Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա հայ աշխարհահռչակ ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին։
Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում։ Բազմաթիվ անգամներ նվաճելով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումները, սահմանելով աշխարհի մի քանի տասնյակ ռեկորդներ, ճանաչվելով աշխարհի լավագույն ծանրորդ՝ նա միշտ բարձր է պահել հայրենի երկրի և հարազատ ժողովրդի անունն ու պատիվը, իր փորձն ու գիտելիքները ծառայեցրել է Հայաստանի Հանրապետության զորացմանն ու բարգավաճմանը:
Նա ուներ յուրահատուկ վերաբերմունք Արցախի նկատմամբ և նշանակալի աշխատանք է կատարել ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Այս գործում ունեցած մեծ վաստակի համար Յուրի Վարդանյանը պարգևատրվել էր ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր հայրենակիցներին և նրա բոլոր երկրպագուներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով։
Լեգենդար ծանրամարտիկի անունը միշտ վառ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու հնարավորություն եմ ունեցել
- Յուրի Վարդանյանի հաջողությունները բարձրացնում էին մեր ազգային ոգին և բնավորություն ու կամք կոփում. Արմեն Սարգսյան
- Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով Հայաստան էր բերում մարզաշխարհի ոսկե պարգևները. Արա Բաբլոյան
- Մահացել է Յուրի Վարդանյանը