Էրդողանը երկօրյա այցով կլինի Ֆրանսիայում․ կխոսե՞ն Արմեն Սարգսյանն ու Էրդողանը Փարիզում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 10-11-ին երկօրյա այցով կլինի Փարիզում, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջացառմանը, հայտնում է regnum-ը։
100-ամյակի միջոցառմանը ներկա են լինելու մոտ 80 երկրների առաջնորդներ, այդ թվում ՌԴ և ԱՄՆ նախագահները, որոնք նախատեսել են երկկողմ հանդիպում ունենալ Փարիզում։
Փարիզում այս միջոցառմանը մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով վերջերս Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ նոյեմբերի 11-ի արարողությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»:
«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց անդրադառնալու այն ողբերգությանը, որ տեղի է ունեցել շուրջ 105 տարի առաջ և առանց խոսելու ցեղասպանության մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ կողմից, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի կողմից»,- RTS-ին ասել է Արմեն Սարգսյանը:
Հարցին, թե եթե հանդիպի Էրդողանին, ինչ կասի ՀՀ նախագահը պատասխանել էր, թե կխոսեն Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների, ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ «քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»։ Արմեն Սարգսյանը նաև ուղերձ էր հղել Էրդողանին․ նախագահը չէր բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն շեշտել էր, որ «ներումը գալիս է ճանաչումից հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան