Կինը տարածել է վիժման հետևանքով ծնված պտղի նկարները՝ աբորտի դեմ պայքարելու համար
ԱՄՆ Միսուրի նահանգում ապրող 40-ամյա Շարան Սաթերլենդը համացանցում տարածել է հղիության ընդհատման հետևանքով ծնված իր 14 շաբաթական պտղի նկարները՝ մարդկանց ցույց տալով, թե այդ ժամանակահատվածում ինչպես է պտուղն արդեն կատարյալ ձևավորված։
Ինչպես գրում է Daily Mail-ը, 11 երեխաների մայր Շարանը չի ցանկացել, որ պտուղը վերցվի որպես «բժշկական թափոն», երբ նրա հղիությունն ընդհատվել է։ Շարանն ու նրա 35-ամյա ամուսինը պտուղը հուղարկավորել են այգում՝ ծաղկամանի մեջ։
Շարանը, ով հայտարարում է, որ փորձում է ապրել կյանքն այնպես, ինչպես Աստված կկամենար», տարածած նկարներով նպատակ ունի ցույց տալ, որ պտուղն արդեն «իրական երեխա» է։
Հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իր գրառման մեջ նա ասում է, թե ինչպես կարող է մարդը սպանել նրանց այդպիսի սարսափելի ձևով։
«Հույս ունեմ, որ իմ որդու նկարները կօգնեն նրանց, ովքեր մտածում են աբորտի մասին ու նրանք կորոշեն թույլ տալ իրենց երեխային ապրել»,-ասում է Շարանը։