Ինձ համար կարևոր է, որ մենք կարողանանք ուղիղ նայել միմյանց. Սոնա Հարությունյան
«Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի և քառապատկի ջանքերը, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան լուրջ հաջողություններ արձանագրի»,- այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին ներակայացնելու ընթացքում։
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Սոնա Հովհաննիսյանը երաժշտական արվեստի ոլորտում հայտնի մարդ է և հավելյալ ներկայացնելու կարիք չունի:
«Այն հաջողությունները, որ նա ունեցել է իր ոլորտում` «Հովեր» երգչախմբի ղեկավարման ընթացքում, թույլ են տալիս վստահություն ունենալ, որ տիկին Հովհաննիսյանը կկարողանա լուծում տալ իր առջև դրված խնդիրներին: Մենք լիահույս ենք, որ կուտակած գիտելիքի և կարողությունների պաշարն ամբողջությամբ նա կներդնի կոնսերվատորիայի զարգացման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ ԿԳ նախարարությունն իր լիազորությունների և պարտականությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացումը կազմակերպվի արդյունավետ:
Ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը նշել է. «Մենք ապրում ենք անցումային փուլում և այդ առումով կարևոր է անցման գործընթացի բնականոն կազմակերպումը: Յուրաքանչյուր մարդ իր մթնոլորտն է բերում և իր միջավայրն է ստեղծում: Ինձ համար կարևոր է, որ մենք կարողանանք հանգիստ վերաբերվել այդ գործընթացին և ուղիղ նայել միմյանց»,- նշել է Սոնա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հրաժարական է ներկայացրել, և ԿԳ նախարարի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար: