Հստակ պատկերացնում եմ՝ ինչ պետք է անեմ, որ ծառայեմ երկրին. Արմեն Սարգսյանն՝ իր լիազորությունների մասին
«Չեմ կարծում, որ հետևությունները պետք է արվեն այս կամ այն հայտարարությունից ելնելով, որովհետև քաղաքականությունը՝ մանավանդ ռեգիոնալ քաղաքականությունը, դինամիկ պրոցես է, և խոսքը գնում է ոչ թե ՀՀ-ԱՄՆ հարաբերության, այլ ԱՄՆ-ռեգիոն հարաբերությունների մասին»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս Հարավային Կովկաս կատարած այցին և Իրանի ու մյուս հարցերի շուրջ վերջինիս հայտարարություններին։
«Ես անձնապես պարոն Բոլթոնին չեմ հանդիպել, որովհետև այդ ընթացքում Հայաստանում չէի, Միացյալ նահանգներում էի, բայց կարծում եմ և խորհուրդ եմ տալիս, որ շատ արագ հետևությունների չգանք, որովհետև պրոցեսներն իրենք արագ են, փոփոխական, և պետք է սպասենք՝ մոտակա ժամանակներում ինչպիսին կլինի ԱՄՆ-ի քաղաքականությունը ռեգիոնում»,- նշեց ՀՀ նախագահը։
Անդրադառնալով նախագահի լիազորութուններն ընդլայնելու հնարավորությանը՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ իր համար դա էական նշանակություն չունի։
«Երբ ինձ առաջարկ արվեց նախագահ դառնալ, շատ հստակ էր Սահմանդրությունը, որ իմ առջև էր դրված։ Սահմանադրությամբ ՀՀ նախագահի պարտականությունների մասին գրառումը հստակ է։ Այդ պարտականությունները կլինեն մի քիչ ավելի կամ պակաս, իրականում դեր չունեն, որովհետև ես հստակ պատկերացնում եմ, թե ինչ պետք է անեմ, որ ծառայեմ երկրին։ Որոշ շրջանակներ, երբ խոսում են պարտականությունների կրճատման կամ բարձրացման համար, թողնում եմ՝ այդ հարցը տաք իրենց։ Նախագահի լիազորությունները շատ հստակ գրված են Սահմանադրությունում»,- շեշտեց ՀՀ նախագահը։
Հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ վերջին շրջանում նրա հետ որևէ հարաբերություն չունի։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանւմ դրամատիկ փոփոխություններ ենք արել շատ քաղաքակիրթ ձևով. ՀՀ նախագահ
- ՀՀ նախագահի լիազորությունների ընդլայնման հարցը հետաձգվեց
- ՀՀ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, վարչապետը՝ Հանրապետության հրապարակ