Երևանի ավագանու նախկին անդամ. Ոստիկանությունում ոչինչ չի փոխվել
Անցած գիշերը՝ 00․40-ի սահմաններում Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոն և Նոր Նորք բաժին են «հրավիրվել» 4 երիտասարդ, ովքեր փողոցների ասֆալտին գունավոր ներկով գրել են #ՄենքԳալիսԵնք ՝ չխախելով որևէ մեկի իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ ավելացնելով, որ ոստիկանությունում ոչինչ չի փոխվել։
Նա մանրամասնել է. «Ինչու՞ եմ չակերտների մեջ գրում հրավիրվել․ հրավիրվելու դեպքում քաղաքացին իրավունք ունի իր սեփական միջոցներով ոստիկանության ուղեկցությամբ ներկայանա բաժին։ Այս պարագայում քաղաքացիներին տեղափոխել են ոստիկանության մեքենայով, ինչը ենթադրում է բերման ենթարկել։ Ի դեպ, «հրավիրողը» եղել է քաղաքացիական հագուստով տղամարդ, ով նույնիսկ չի բարեհաճել ներկայանալ։ Ըստ էության՝ առ ոչինչ։
00․45 մոտեցել եմ ոստիկանության բաժին և փորձել հասկանալ՝ ի՞նչ հիմքերով են քաղաքացիներին «հրավիրել»։ Ոստիկանությունում ինձ մատնանշեցին Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․2, որն ասում է՝ փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
Ոստիկանությունում որևէ մեկը չկարողացավ հստակ մեկնաբանել՝ ի՞նչ ասել է սահմանափակում և ի՞նչ է այն իրենից ենթադրում։
Ոստիկանությունում ենք եղել մինչև 03․55»։
Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ դեռ որևէ պարզաբանում չի տարածել։