ԱԺ նախագահը հիշեցնում է՝ եթե պատգամավորը չի մասնակցում նիստին, զրկվում է այդ օրվա աշխատավարձից
Ազգային ժողովը հերթական նիստի աշխատանքները սկսել է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկմամբ:
Նշենք, որ նիստի մեկնարկին ԱԺ-ում քվորում չկար, գրանցվել էր ընդամնեը 48 պատգամավոր, և խորհրդարանը չէր կարողանում սկսել աշխատանքը, որպեսզի կարողանա նաև այդ հարցի շուրջ որոշում կայացնել:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին հիշեցրեց, որ եթե պատգամավորը չի մասնակցում ԱԺ նիստին, ապա զրկվում է այդ օրվա աշխատավարձից, ինչը նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով:
Նա միաժամանակ նշեց, քանի որ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, իսկ դեկտեմբերի 3-ից էլ սկսվում է ԱԺ հերթական քառօրյան, ապա քաղաքական առումով հարկավոր է այնպիսի ձևակերպում տալ, որ չհակասեն օրենքին, քանի որ այդ օրերին պատգամավորներին դժվար կլինի մասնակցել ԱԺ նիստերին:
«Օրենքը մնում է օրենք, ես չեմ կարող չեղարկել այդ կարգը»,- ասաց Արա Բաբլոյանը։
Արա Բաբլոյանը կոչ արեց խմբակցությունների ղեկավարներին քննարկել այս հարցը և առաջարկներ ներկայացնել, որ օրենքին չհակասեն: