Գարեգին Բ-ն մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այս մասին Նովոսիբիրսկում լրագրողներին հայտնել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Հայ առաքելական եկեղեցին երբեք չի կարող ողջունել այն քայլերը, որոնք միտված են քրիստոնեական եկեղեցու մասնատմանն ու բաժանմանը»,- ասել է կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք հայ առաքելական եկեղեցին ինչ-ինչ պայմաններում ճանաչել Ուկրաինայի «միացյալ» եկեղեցին:
Կիևի իշխանություններն ու Ուկրաինայում ոչ կանոնական եկեղեցական մարմինը ակնկալում են մինչև տարեվերջ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից ավտոկեֆալիայի՝ անկախացման մասին հրամանագիր՝ տոմոս ստանալ, սակայն նման տոմոս կարող է ստանալ միայն «միացյալ» եկեղեցու ղեկավարը, ում պետք է ընտրեն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիների միացյալ ժողովում, որը կարող է կայանալ նոյեմբերի 22-ին:
Միևնույն ժամանակ՝ Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել նման միջոցառման:
Կոստանդնուպոլսի կողմից Ուկրաինայի ոչ կանոնական եկեղեցուն ավտոկեֆալիա տրամադրելու որոշման պատճառով, ինչը Ռուս ուղղափառ եկեղեցին անվանել է պառակտում, Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ շփման դադարեցման մասին ՌՈՒԵ ոչ կանոնական տարածքում: