Իդլիբի հարցով գագաթաժողով՝ Ստամբուլում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլաիդիմիր պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին կհանդիպեն՝ քննարկելու Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման ճանապարհները:
Ըստ Էրմենիհաբերի՝ Ռուսաստանի նախագահականի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան արդեն իր համաձայնությունը տվել է մասնակցել 4 երկրների ղեկավարների ձևաչափով տեղի ունենալիք 2-րդ գագաթնաժողովին:
Պեսկովն ասել է, որ ամենայն հավանականությամբ 2-րդ գագաթնաժողովը նույնպես կանցնի Ստամբուլում, քանի որ դրա մտահաղացման հեղինակը հենց Էրդողանն է:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամությունը հաստատել է նաև գերմանական կողմը:
Հիշեցնենք, որ նախորդ գագաթնաժողովն անցկացվել էր հոկտեմբերի 27-ին Ստամբուլում:
Գագաթնաժողովին քննարկվել էր սիրիական հակամարտությանը վերաբերող բոլոր ոլորտները, ներառյալ` ներկա իրավիճակը, Իդլիբի շուրջ համաձայնությունն ու քաղաքական գործընթացները, ինչպես նաև հստակեցնել հակամարտության մշտական լուծմանն ուղղված համատեղ շահերը:
Երկրների ղեկավարները վերահաստատել էին Սիրիայի պատերազմն ավարտելու հարցը ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող քաղաքական բանակցություններով լուծելու անհրաժեշտությունը:
Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ տեղեկացրել էին, որ մինչև տարեվերջ կստեղծվի հատուկ կոմիտե, որի օրակարգում կլինի Սիրիայի ապագա սահմանադրությունը կազմելը:
Նախատեսվում է, որ այդպիսով հիմք է ստեղծվելու Սիրիայում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: