Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու խորհրդարանների աշխատակազմերի լավագույն փորձը. Գիվի Միկանաձե
«Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանները՝ անկախ կառավարման համակարգից, ունենում են նույն խնդիրները և խորհրդարանների գործառույթների արդյունավետ իրականացումը պայմանավորված է նաև աշխատակազմի գործունեությամբ»,- այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը նշել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ըստ դեսպանի՝ խորհրդարանների աշխատակազմերը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին տրամադրում են հիմնավորված և բարձրորակ տեղեկատվություն և այս առումով կարևոր է երկրների միջև փորձի փոխանակման միջոցով աշխատակազմերի ունակությունների կատարելագործումը: Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը համագործակցում է Արևելյան գործընկերության երկրների հետ՝ աջակցելով ոչ միայն խորհրդարանների աշխատակազմերի կատարելագործմանն ուղղված ծրագրերի, այլև մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն ընդգծել է նման պլատֆորմի արդյունավետությունը՝ նշելով, որ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու խորհրդարանների աշխատակազմերի լավագույն փորձը, ինչպես նաև՝ ընդհանուր մարտահրավերներն ու դրանց լուծումները:
Մոլդովայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալա Պոպեսկուն անդրադարձել է միջխորհրդարանական փոխգործակցության, միջազգային կառույցներում համագործակցության ակտիվացմանը, աշխատակազմերի միջև կապերի ընդլայնմանը: Նա կարևորել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական կենտրոնի ստեղծումը:
Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովին ջերմ ընդունելության, իսկ GIZ-ին՝ աջակցության համար և մաղթել արդյունավետ աշխատանք: Նա նշել է, որ Ուկրաինան բարեփոխումների փուլում է և վերջին շրջանում կարևոր փոփոխություններ են եղել Գերագույն ռադայի աշխատակազմում, ներմուծվել են ժողովրդավարական նոր մոտեցումներ: Պետրո Բոդնարն ընդգծել է, որ այսօրվա հանդիպումը քայլ է խորացնելու «Թբիլիսյան հուշագրի» շրջանակներում համագործակցությունը:
«Արևելյան գործընկերության երկրներում խորհրդարանական կառավարման հզորացում» ծրագրի ազգային համակարգող Հրաչիկ Յարմալոյանը խոսել է «Ձմեռային ակադեմիայի» նախապատրաստման վերաբերյալ: 2019 թվականի փետրվարին Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել «Գիտահետազոտական և վերլուծական աշխատանքները խորհրդարաններում» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Այն ունենալու է գործնական ուղղվածություն, տեղի է ունենալու փորձի փոխանակում: Ծրագիրն անցկացվելու է Եվրոպական խորհրդարանի և Գերմանիայի Բունդեսթագի հետ սերտ համագործակցությամբ:
Հրաչիկ Յարմալոյանը նաև ներկայացրել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետ սերտ համագործակցությամբ 2019թ. հունվար-հունիս ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումները: Բանախոսը նշել է, որ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչները յուրաքանչյուր տարի այցելել են Գերմանիայի Բունդեսթագ՝ մեկշաբաթյա ժամկետում ծանոթանալով վերջինիս աշխատակազմի ամենօրյա աշխատանքին: Այս տարի ևս կլինի հերթական այցելությունը:
Ըստ Հրաչիկ Յարմալոյանի՝ 2019 թվականի մայիսին Բաթումիում կկազմակերպվի խորհրդարանների աշխատակազմերի կարողությունների զարգացմանը վերաբերող, ամռանը Թբիլիսիում՝ «Խորհրդարանական վերահսկողություն» թեմայով սեմինարներ:
Վրաստանի ներկայացուցիչն առաջարկել է հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել, համացանցում ունենալ համապատասխան կայքէջ:
Մասնակիցները համաձայնել են, որ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի փոխհամաձայնությամբ:
Կառույցում մինչև 2019 թվականի աշունը նախագահությունը կստանձնի Վրաստանը:
Որոշվել է հաջորդ հանդիպումն անցկացնել գալիք տարվա մայիսին՝ Ուկրաինայի Լվով քաղաքում:
Հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 7-ին:
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյան. Պատահական չէ, որ աշխատակազմը համարվում է խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողությունը
- Արա Սաղաթելյան. Խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն