Նարեկ Բաբայանը՝ Մարզահամերգային համալիրում չարաշահումների մասին
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արձանագրված չարաշահումներին:
«Չարաշահման շատ կոնկրետ օրինակը վերաբերում է պահակախմբին։ Մրցույթով շահել են, որ 24 հոգի պետք է աշխատի, բայց փաստացի աշխատում են 15 հոգի, տարբերությունը ամսական շուրջ 1 մլն դրամի մասին է: Այսինքն՝ վճարվում է այն գործի համար, որն իրականում չի կատարվում, այստեղ մենք ռիսկ տեսնում ենք»,- ընդգծեց նա:
Նարեկ Բաբայանի խոսքով՝ կան ռիսկեր նաև սահադաշտի հետ կապված: Մասնավորապես, այն մուտքերը, որոնք ցույց են տվել, իրականությանը չեն համապատասխանում. «Վստահաբար ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից, քան ցույց է տրվել»:
Ինչ վերաբերում է Համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չերկարաձգելուն՝ նշեց, որ պայմանագրի չերկարաձգման մասին տնօրենը ծանուցված է եղել դեռևս մայիսին: «Ծանուցման մեջ նշված էր, որ տնօրենի պայմանագիրն ավարտվում է և այն չի երկարաձգվելու: Որոշումն արդեն պատրաստ էր, հրամանը իմ սեղանին էր, որ հուլիսի 1-ին պետք է այն ավարտվեր, ուղղակի, հաշվի առնելով առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, երկարացրել ենք 5 ամսով և նորից մեկ ամիս առաջ նրան կրկին ծանուցել ենք, որ պայմանագիրը չի երակարձգվելու և անցկացվելու է մրցույթ, որը նախատեսվում է անցկացնել հունվարի վերջին»,- ասաց Նարեկ Բաբայանը:
Նշենք՝ ավելի վաղ Պետգույքի կառավարման կոմիտեն նախագահը հայտնել էր, որ Վազգեն Ասատրյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել չարաշահումների պատճառով: